1990թ. առաջին անգամ Երևանում ես մոմավառություն կազմակերպեցի: Հավաքվել էր Երևանի ամբողջ մտավորականությունը՝ մասնակցելու և նաև դրամահավաքի, որովհետև Արցախի շրջափակումը սկսվել էր՝ ժողովրդին ուղղված իր կոչում գրել է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը՝ նշելով, որ այսօրվա մոմավառությանը ֆիզիկական վիճակից ելնելով մասնակցելու է տանից։
Պետրոսյանը նշել է՝ մեր հրեշտակներին պիտի ճանապարհենք․ «Իմ թանկագին ժողովուրդ, այսօր մեր հրեշտակների համար ենք մենք մոմ վառում: Առաջին մոմավառության ժամանակ դեռ այդ հրեշտակները քայլում էին, մեզ հետ էին»։
«Գնացին, մեր հրեշտակներն են, իրենք մեր լույսի սիմվոլներն են: Իրենք վերևից էլ են մեզ պահպանելու»,- նշել է նա և հիշել տարիներ առաջ իր հեղինակած հոդվածներից մեկը, որում ասել է՝ «փափկասուն տիկնայք Հայոց աշխարհի հոգնել են պարտված տղամարդկանց երկրում ապրելուց»։ Պետրոսյանը հիմա էլ է նույն կարծիքին․ «Իմ տղամարդիկ, իմ ժողովրդի զավակներն Առյուծասիրտ Մհերներ են: Եկեք մենք մտածենք, որ չենք կարող այլևս թույլ տալ, որ առյուծների այս զարմին ոչխարներ ղեկավարեն, չենք կարող թույլ տալ, որ փողոցից պատահական բախտախնդիրներ գան մեր գլխին: Շատ թանկ է մեր արյունը»,- ասել է նա՝ հավելելով՝ այս սերունդը չպիտի կոտրվի:
«Մենք իրավունք չունենք կոտրվելու, մենք պարտավոր ենք հասկանալու, որ սա մի սարսափելի տխուր էպիզոդ է ընդամենը, ծանր էպիզոդ, բայց մենք պիտի ոտքի կանգնենք: Մենք չենք կարող թողնել, որ մեր երկիրը դառնա պարտված տղամարդկանց երկիր»,- ասել է Ալվարդ Պետրոսյանը։